Կիբեռանվտանգության ճամբար ՀՀ Կենտրոնական Բանկի հետ

Դասընթացի սկիզբ
9 մայիսի, 2022
Դիմումների վերջնաժամկետը
26 ապրիլի, 2022
Ծրագրի տևողություն
7 ամիս /շաբաթական երեք-չորս անգամ/
Տեղեկատվական հանդիպում
Երեքշաբթի, ապրիլի 26, 19:00

Գիտե՞ս արդյոք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ունի Կիբեռանվտանգության իր թիմը, որտեղ աշխատում են «հարձակվողներ և պաշտպաններ», և սա քո եզակի հնարավորությունն է միանալու Կենտրոնական բանկի Կիբեռանվտանգության թիմին:

CyHub Armenia նախաձեռնության շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակել է բացառիկ բովանդակությամբ և միջազգային չափանիշներին համապատասխան Կիբեռանվտանգության ճամբար: Ընտրված մասնակիցները 7-ամսյա ճամբարային ծրագրի ընթացքում կուսումնասիրեն Կիբեռանվտանգության բոլոր բաղադրիչները՝ համակարգչային ցանցեր ու անվտանգություն, օպերացիոն համակարգեր ու ծրագրավորում, խոցելիության ստուգում (Pentesting), պաշտպանություն ու հակառակ մշակում (Reverse engineering ), կծանոթանան ոլորտի լավագույն մասնագետների հետ, կհասկանան ոլորտի առանձնահատկությունները։ Ծրագրի ավարտին ճամբարի բոլոր մասնակիցները կմասնակցեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող հարցազրույցին, իսկ լավագույնները կունենան եզակի հնարավորություն միանալու Կիբեռանվտանգության թիմին։

Կենտրոնական բանկը մարտահրավեր է նետում պատրաստակամ երիտասարդ էնտուզիաստների, ովքեր պատրաստ են միանալու Կիբեռանվտանգության մեր թիմին։

Եթե դու սիրում ես մարտահրավերներ և պատրաստ ես գործադրել քո լավագույն ջանքը միջազգային մակարդակի պրոֆեսիոնալ դառնալու համար, ապա մենք պատրաստ ենք բազմապատկել քո ջանքը և օգնել քեզ քո երազանքը իրականություն դարձնել։

Դու կաշխատես նախագծերի վրա, որոնք ազդեցություն կունենան ոչ միայն ֆինանսական ոլորտի, այլ նաև ամբողջ երկրի վրա, ինչպես նաև կունենաս ոլորտի առաջատար մասնագետներից սովորելու բացառիկ հնարավորություն: 

Եվ ի վերջո, դու քեզ որտե՞ղ ես տեսնում՝ պաշտպա՞ն ես, թե՞ հարձակվող, էական չէ։ Ունես հնարավորություն միանալու մեր թիմին։

Ծրագրի արդյունավետությունը փորձված է ժամանակով․ ճամբարային ծրագրի իրականացման 7 տարիների արդյունքում 1000-ից ավելի երիտասարդ սկսել է  իր կարիերան ՏՏ ոլորտում։


CyHub Armenia-ի մասին

CyHubArmenia նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից՝ Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության աջակցությամբ, ISTC-ի, Cisco-ի, IBM-ի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ԵրՄՄԳՀԻ-ի հետ համագործակցությամբ։


Ինչո՞ւ կիբեռանվտանգություն

Տեխնոլոգիական առաջընթացի և թվայնացման արագացող տեմպերի պայմաններում, առցանց տվյալների փոխանցման հետ կապված վտանգները մշտապես աճում են, որի պարագայում շատ կարևոր է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության (Confidentiality, Integrity and Availability, CIA հայեցակարգ) պահպանումը ցանկացած բիզնես գործունեության ցանկացած կետում: Այլ կերպ ասած՝ մենք ապրում ենք թվային աշխարհում, և բոլոր երկրների բոլոր կառույցները, այդ թվում՝ կենտրոնական բանկերը, ուզեն թե չուզեն, օգտագործում են տարբեր թվային լուծումներ՝ բազմաթիվ թվային ծառայություններ ստանալու կամ տրամադրելու համար:

Եթե մենք նույնիսկ չենք աշխատում 24/7 ռեժիմով, չի նշանակում, որ կիբեռանվտանգության ռիսկերը ևս «գիշերը քնում են»։

Ըստ վիճակագրության՝ վերջին տարիներին տվյալների խախտումների և կորստի հայտնաբերման միջին ժամանակը 200 օրից ավելի է եղել. կարո՞ղ եք պատկերացնել ռիսկի աստիճանը, երբ ինչ-որ մեկն արդեն 200+ օր «սավառնում» է  պետական որևէ կառույցի, Կենտրոնական բանկի կամ որևէ տելեկոմի ներքին ցանցում և/կամ համակարգերում: 

Ֆինանսական էկոհամակարգը մշտապես եղել և մնում է կիբեռհանցագործների հիմնական թիրախներից մեկը, թեև վերջին տարիներին էապես շատացել են պետական նշանակության կրիտիկական կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Ինչպե՞ս լուծել այս բազմաշերտ խնդիրը:

Մոլորություն է, թե կիբեռանվտանգությունը պարզապես տեխնիկական խնդիր է և կարող է հեշտությամբ լուծվել՝ ձեռք բերելով և օգտագործելով վերջին սերնդի սարքավորումներ և տեխնոլոգիաներ: Կիբեռանվտանգությունը միատարր, գծային խնդիր չէ, դա գլուխկոտրուկ է և պահանջում է հետևողականություն, ճշգրտություն, դիմացկունություն, անընդհատ սովորելու  և կատարելագործվելու ձգտում ու կարողություն։ Միայն որակավորված մարդկանց, արդյունավետ գործընթացների և առաջադեմ տեխնոլոգիաների առկայության դեպքում է հնարավոր կառավարել կիբեռանվտանգության ռիսկերը և պաշտպանել տեղեկատվական  ակտիվները:

CIA հայեցակարգը` ՄԳՏ (մարդ-գործընթաց-տեխնոլոգիա, (PPT, people-process-technology)) մոդելի հետ միասին կարող է լուծել վերը նշված խնդիրը, որի հիմքում մարդիկ են, և դու կարող ես լինել այդ մարդկանց շարքում, ովքեր 24/7 ռեժիմով պաշտպանում են Կենտրոնական բանկը, ֆինանսական հատվածը և իհարկե՛ Հայաստանի Հանրապետությունը։    


Ի՞նչ է իրենից ներկայացնում ճամբարը

Ինտենսիվ այս դասընթացը մշակվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Կենտրոնական բանկի լավագույն մասնագետների կողմից։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ և հարմարեցված է վերջինիս պահանջներին։

Կիբեռանվտանգությունը բազմատարր ոլորտ է, որը պահանջում է համապարփակ գիտելիքներ ՏՏ տարբեր ոլորտներից:  Ծրագիրը բաղկացած է 11 տարբեր բաժիններից։ 11 բաժիններից յուրաքանչյուրում դու ունենալու ես մենթոր, ով առավելագույնս մասնագիտացված է այդ թեմայի մեջ։ Ծրագրին ավելի մանրամասն կարող ես ծանոթանալ այստեղ։

Դասերը լինելու շաբաթական 3-4 օր երեկոյան ժամերին և տևելու են օրական 2-2․5 ժամ ։

Սակայն, եթե ուզում ես գրանցել իրական հաջողություն, օրական 4-5 ժամ տրամադրի՛ր կրթությանը, անկախ նրանից՝ այդ օրը դաս կա, թե ոչ։

Ճամբարի արդյունքում բացի ծրագրում ներկայացված տեխնիկական գիտելիքներից, դու ձեռք կբերես նաև հետևյալ հմտությունները․

  • Հաշվետվություններ կազմելու հմտություններ
    • Ինչպե՞ս վերլուծել նյութը և պատրաստել հաշվետվություն
    • Որո՞նք են լավ հաշվետվության չափանիշները
  • Պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություններ
    • Ինչպե՞ս ներկայացնել տեխնիկական նյութը հասկանալի լեզվով

Հավելյալ  տեղեկություն ստանալու համար կարող ես մասնակցել տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը 19։00-ին Կենտրոնական բանկում։


Ո՞վ կարող է մասնակցել Կիբեռանվտանգության ճամբարին

Նպատակասլաց անհատներ, որոնք ցանկանում են զարգանալ մեզ հետ։ Մենք փնտրում ենք անհատների, որոնք՝

  • Նվիրված են, ուզում են զարգացնել իրենց մասնագիտական հմտություններն ու թիմի հետ միասին աշխատել հետաքրքիր նախագծերի վրա,
  • Տեխնիկական գիտությունների և/կամ մաթեմատիկայի ֆակուլտետի երրորդ,  ավարտական կուրսերի ուսանողներ կամ շրջանավարտներ են,
  • Ունեն վերլուծական միտք,
  • Ունեն նախնական գիտելիքներ ՏՏ ոլորտից,
  • Պատրաստակամ են աշխատել թիմի հետ։

Ի՞նչ ենք մենք երաշխավորում և ինչու՞ մասնակցել

  • Հիանալի հնարավորություն զարգացնելու կիբեռանվտանգության գործնական հմտությունները,
  • Հիանալի հնարավորություն աշխատելու իրական նախագծերի  վրա,
  • Հիանալի հնարավորություն միանալու ՀՀ կենտրոնական բանկի կիբեռանվտանգության թիմին։

Կարևոր է իմանալ

Եթե հետաքրքրված ես ստեղծել կարիերայի նոր ուղի և պատրաստ ես առավելագույն ջանքերը գործադրելու նաև դասաժամերից դուրս՝ դառնալու համաշխարհային կարգի մասնագետ ամենահայտնի ոլորտներից մեկում՝ երաշխավորված աշխատանքի հնարավորությամբ, այս ծրագիրը հենց քեզ համար է:

Ամենաշնորհալի ուսանողներն ըստ առաջադիմության կստանան կրթաթոշակ և հնարավորություն կունենան միանալու ԿԲ կիբեռանվտանգության թիմին:  


Ինչպե՞ս դիմել

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է, և ընդգրկվելու են այն 12-15 մասնակիցները, որոնք հաջողությամբ կհանձնեն թեստն ու կանցնեն հարցազրույցը։

Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև ապրիլի 26-ը լրացնում ես դիմում-հայտը:


Ի՞նչ արժե այս ծրագիրը

Ծրագրի արժեքն է 690,000 ՀՀ դրամ։


Գրանցման թերթիկ