Ալբերտի պատմությունը․ մեր առաջին OSCC սերտիֆիկացված ուսանողը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Սայհաբ Հայաստանի համատեղ անցկացրած «SEC-100: CyberCore – Security Essentials» սերտիֆիկացիոն դասընթացի արդյունքներն արդեն տեսանելի են․ Ալբերտը մեր առաջին ուսանողն է, ով հաջողությամբ հանձնել է քննությունը և ստացել իր առաջին միջազգային OSCC սերտիֆիկատը։ 

 

Նրա պատմությունը շատ խոսուն է․ քննության արդյունքը տեսնելու պահին առաջին զգացողությունը պարզապես ուրախությունն էր։ Բայց ամենակարևորն այն ճանապարհն էր, որ նրան հասցրեց այդ արդյունքին։ «Դասընթացն ինֆորմատիվ էր և ճիշտ ուղղության վրա դրեց․ հասկացա, թե ինչի վրա պետք է կենտրոնանամ, և ինչն է այժմ կարևոր ոլորտի համար։ Բացի դա, որոշակի պատկերացումներ ու գիտելիքներ ունեի կիբեռանվտանգության մասին, դասընթացի արդյունքում կարողացա համակարգել ամբողջը»,– պատմում է Ալբերտը։

 

Իհարկե հեշտ չէր։ Ամենամեծ փորձությունը դասընթացն ու աշխատանքը համատեղելն էր։ Բայց հենց այդ դժվարությունն էլ ավելի արժեքավոր դարձրեց արդյունքը։ «Դասախոսի ու խմբի մյուս ուսանողների աջակցությունը մեծ դեր խաղաց․ ինչ հարց լինում էր, քննարկում էինք, իրար օգնում նույնիսկ դասընթացի ավարտից հետո»,– նշում է նա։

Դասընթացի ընթացքում Ալբերտը բացահայտեց նաև իր ուժեղ կողմերը․ զարգացրեց վերլուծական մտածողությունը, սովորեց գտնել ոչ ստանդարտ լուծումներ և ձեռք բերեց համառություն՝ սկսածը միշտ ավարտին հասցնելու համար։

Նրա հաջորդ նպատակը արդեն հստակ է․ ստանալ Security+ սերտիֆիկատ և առաջին քայլերն անել աշխատանքի ոլորտում։

Ընդամենը 3.5 ամիս տևած այս պատմությունը աշխատասիրության, նպատակասլացության ու չհանձնվելու լավ օրինակ է։ Իսկ Ալբերտի հաջողությունների մասին դեռ շատ ենք լսելու։

 

—------------------------------------------------------------------------------------------------------------

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և CyHub Armenia նախաձեռնությունը հանդիսանում են միջազգային OffSec կազմակերպության պաշտոնական ուսումնական գործընկերը Հայաստանում և Վրաստանում՝ տրամադրելով կիբեռանվտանգության ոլորտի սերտիֆիկացիոն դասընթացներ։