Երբ ճանապարհը հեշտ չէ, բայց արժե անցնել

Կյանքումս եկավ մի պահ, երբ ազատ ժամանակ ունեի և որոշեցի, որ սովորեմ մի բան, որը շատ եմ սիրում անել։ Դեռևես Պոլիտեխնիկ ինստիտուտում սովորելիս ծրագրավորումը ընտրել էի որպես ոչ մասնագիտական առարկա և ինձ շատ էր դուր եկել։ Ֆեյսբուքով տեսա ծրագրավորման դասընթացների մասին հայտարարությունը և որոշեցի, որ նախնական գնամ տեղեկատվական հանդիպմանը։ Հունվարի 27-ն էր, և դասախոս Արտյոմ Տոնոյանը պատմում էր C# ծրագրավորման լեզվի առավելությունների մասին։ Հանդիպումից հետո որոշեցի, որ պետք է փորձել սովորել այդ լեզուն։

Ծրագրավորում սովորելը հեշտ չէ, շատ ժամանակ, նվիրվածություն ու համբերություն է պետք, ու եթե ծրագրավորումը չես սիրում, շատ բարդ կլինի։ Ոգևորում է այն, որ ծրագրավորումը մի ոլորտ է, որտեղ լճացում չկա, անընդհատ նոր բան ես սովորում, անընդհատ խնդրի լուծումներ ես մտածում։ Կենտրոնում մի քանի դասընթացների մասնակցեցի, ընդգրկվեցի պրակտիկայի ծրագրում, որի ժամանակ ավելի ընդլայնված գիտելիքներ ստացա․մենակ C#  լեզվով չէինք աշխատում, այլ նաև սովորեցի տվյալների բազաների հետ աշխատանք, front-end վեբ ծրագրավորումից որոշ հատվածներ։

Հեշտ չէր, բայց ունեի նպատակ, քիչ ժամանակ ու ծրագրավորումից բացի ամեն-ինչ երկրորդային էր։ Ծրագրավորմամբ չես կարող ուղղակի զբաղվել, այսինքն գալ դասի, տան մի ժամ աշխատել ու ասել, որ ծրագրավորող ես դարձել։ Պետք է ինքդ քո վրա շատ աշխատես 4-6 ժամ առնվազն, շատ կարդաս, փորձես։ Մեկ-մեկ մտածում էի, կարող է արդեն տարիքային առումով ուշ է ինձ համար, պետք է հրաժարվել այդ նպատակից, բայց միշտ որոշում էի, որ ինչ էլ լինի, պիտի շարունակել։ Նույնիսկ այն որ պրակտիկայի ծրագիրը չանցա, խնդիր չէր։ Երբ ասեցին, որ չեմ անցել, նույնիսկ այդ օրը ես կենտրոնում նստած շարունակում էի կարդալ։ Ինքս ինձ ասում էի, որ չպետք է կանգ առնել, պետք է շարունակել, դեռ այլ հնարավորություններ կլինեն։

Չանցած մի ամիս մեր դասախոս Արտյոմը խորհուրդ տվեց դիմել Bluenet ընկերություն և հիմա արդեն աշխատում եմ որպես կրտսեր ծրագրավորող շատ ուժեղ մի թիմի հետ, որտեղ բոլորը պատրաստ են քեզ օգնել, սովորեցնել։ Եթե նույնիսկ շատ զբաղված են, բայց դու խնդիր ունես, միշտ կհուշեն, կփորձեն հասկանալ և ուղղություն ցույց տալ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում սովորում ես ֆունդամենտալ, որի վրա դու ինքդ պիտի կառուցես։

Լիլիթ Զարաֆյանը մեկն է այն 100 ուսանողներից, ովքեր ամեն ամիս սկսում են սովորել ծրագրավորում մեր կենտրոնում։