Աշխատանքային փորձը մեր մշակած նախագծերն են

Աշխատանքային փորձ ունենալը նորավարտ կամ սկսնակ մասնագետի համար միշտ հիշեցնում է հավի և ձվի առաջացման պատմությունը։ Շատ սկսնակ ծրագրավորողներ բողոքում են, իսկ խելացիները ձեռք են բերում այդ փորձը՝ տարբեր նախագծերի վրա աշխատելով։ Իսկ ինչպե՞ս են առաջանում այդ նախագծերը։


«Ծրագրավորման ճամբարում սովորելու ժամանակ Ամանորի օրերին ունեինք մի քանի օրվա արձակուրդ, և մեզ հանձնարարված էր թիմերով ինչ-որ նախագծեր մշակել։ Մենք 5 հոգանոց թիմով սկսեցինք մտածել, որ մշակենք մի պրոդուկտ, որը պետքական կլինի ու իրական օգտատերեր կունենա։ Քանի որ ճամբարի ընթացքում շատ ժամանակ էինք անցկացնում ՄԻԿ-ի գրասենյակում, աշխատակիցներից անընդհատ լսում էինք, որ «լավ կլիներ, որ մի CRM համակարգ ունենայինք», «կարողանայինք հետևեինք մեր ուսանողների անցած ճանապարհին» և նման այլ բաներ, թիմով որոշեցինք, որ նման մի բան փորձենք մշակել։»


Պոլիտենիկական համալսարանի Տեղեկատվական անվտանգության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Միշա Զաքարյանը դեռևս մի քանի ամիս առաջ Full Stack .Net ծրագրավորման ճամբարի մասնակից էր, իսկ այժմ աշխատում է FactumSoft ընկերությունում որպես կրտսեր ծրագրավորող։ Միշայի և նրա թիմի ստեղծած CRM համակարգը արդեն աշխատում է և թույլ տալիս մեզ հետևել ուսանողների շարժին, պլանավորել դասընթացները, ուսանողներին առաջարկել իրենց նախապատվություններին համապատասխան ժամերի և գրաֆիկի դասընթացներ։ Այն ոչ միայն աշխատող պրոդուկտ է, այլ նաև Միշայի պորտֆոլիոյի մի մաս, որը նա հպարտությամբ կարող է ցույց տալ ցանկացած գործատուի։


«Երբ մտածում էի ծրագրավորման ճամբարին մասնակցելու մասին, երևի թե որոշիչ դեր խաղաց ոչ միայն լավ դասախոսը և ճամբարի ծրագիրը, ինձ համար հետաքրքիր էր նաև թիմային աշխատանքը, մենակով մի տեսակ ձանձրալի է։ Իսկ թիմով շատ ավելի արդյունավետ էր, նամանավանդ, երբ ինչ որ task-ի վրա էինք աշխատում, քննարկում, թե ոնց կառուցենք լուծումը կամ երբ իրար հետ չէինք համաձայնում։ Ճամբարի ընթացքում շատ նախագծեր ենք արել թե թիմով, թե միայնակ, ու երբ աշխատանքի էի ման գալիս, դրանք էի օգտագործում որպես պորտֆոլիոյի մի մաս։»


Միշան մեկն է այն 15 ծրագրավորողներից, ովքեր ճամբարի ավարտից հետո աշխատանքի անցան տարբեր ՏՏ ընկերություններ և արդեն հարստացնում են ընկերությունների պորտֆոլիոն։