10 արագ քայլ՝ հեռախոսդ պաշտպանելու համար
Հեռախոսով անում ենք գրեթե ամեն ինչ՝ աշխատում ենք, պահում լուսանկարներ ու փաստաթղթեր, մտնում ենք բանկային հավելվածներ, սոցցանցեր, էլ․ փոստ։ Ու եթե չենք ապահովում անհրաժեշտ կարգավորումները, մեկ սխալ click ու կարող ենք կորցնել մեր տվյալների վերահսկողությունը։
Ստորև ներկայացնում ենք 10 պարզ և գործնական քայլ, որոնք կարող ես անել հենց հիմա․ քեզնից կպահանջվի 15-20 րոպե։
Քայլ 1. Մի՛ սահմանափակվիր միայն Face/Touch passcode–ով
Ակտիվացրո՛ւ տառասիմվոլային կամ 6+ նիշանոց կոդ (passcode), իսկ Face/Touch ID-ն թսղ որպես այլընտրանքային տարբերակ։ Տառասիմվոլային գաղտնաբառերը/կոդերը այժմ ամենաանվտանգն են համարվում, որոնց հաջորդում է 6+ նիշանոցները (Այս թեմային կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածում)։
Ինչպե՞ս
Settings → Security / Face ID & Passcode → Change Passcode
Խորհուրդ՝ Auto-Lock-ը դիր 30–60 վայրկյան
Քայլ 2. Միացրո՛ւ «Find My Device/ Գտնել իմ սարքը» ֆունկցիան
Այսպես կարող ես այլ սարքից տեղորոշել, բլոկավորել կամ ջնջել կորած սարքդ։
Ինչպե՞ս
iOS՝ Settings → [քո անունը] → Find My → Find My iPhone (On, Send Last Location)
Android՝ Settings → Security & privacy → Find My Device (On)
Կարող ես փորձարկել iCloud.com կամ google.com/android/find կայքերում։
Քայլ 3. Միացրո՛ւ ավտոմատ թարմացումների ֆունկցիան
Թարմացրո’ւ օպերացիոն համակարգը և հավելվածները, որպեսզի փակվեն արդեն հայտնի դարձած խոցելիությունները։
Ինչպե՞ս
Settings → Software Update (Auto), App Store/Play Store → Auto-update
Քայլ 4. Ակտիվացրո՛ւ 2FA ամենակարևոր հաշիվների համար
Էլ․ փոստ, բանկային հավելված, սոցցանցեր՝ ընտրի՛ր authenticator հավելված (Տես այստեղ) և պահի՛ր backup կոդերը։
Ինչպե՞ս
Յուրաքանչյուր հաշվում՝ Security/Privacy settings → Two-Step/Two-Factor → ընտրել Authenticator app-ը
Քայլ 5. Օգտագործի՛ր գաղտնաբառերի մենեջեր (Password Manager)
Սա այն «հիշողությունն» է, որը երբեք չի մոռանում։ Այն պահում է քո բոլոր գաղտնաբառերը մեկ անվտանգ տեղում, և անհրաժեշտ պահին ինքն է լրացնում դրանք կայքերում ու հավելվածներում։ Այսպես՝ դու ստիպված չես լինում նույն գաղտնաբառը օգտագործել տարբեր հաշիվներում։
Օրինակներ՝ 1Password, Bitwarden, LastPass, NordPass, Dashlane։
Քայլ 6. Սահմանափակի՛ր հավելվածների թույլտվությունները
Ժամանակի ընթացքում շատ հավելվածներ ստանում են հասանելիություն քո տվյալներին՝ տեղադրությունից մինչև լուսանկարներ ու կոնտակտներ։ Շատ հաճախ մենք պարզապես մոռանում ենք դրանց մասին, բայց հենց այդ «հին» թույլտվություններն էլ կարող են վտանգավոր դառնալ, եթե հավելվածը այլևս չես օգտագործում կամ այն փոխել է իր քաղաքականությունը։
Ինչպե՞ս
Settings → Privacy/Permissions→ կարող ես տեսնել երկու տարբեր տեսակներ․
- Ըստ թույլտվության (By permission)- օրինակ՝ Camera, Microphone, Location, Contacts։
- Ըստ հավելվածի (By app)- յուրաքանչյուր հավելվածի մոտ գրված է՝ ինչի մուտք ունի։
→ Դիտի՛ր ցանկը և անջատի՛ր այն մուտքերը, որոնք տվյալ հավելվածին այլևս պետք չեն (Օրինակ՝ եթե խաղային հավելվածը ունի մուտք դեպի քո կոնտակտները կամ լուսանկարները՝ անջատի՛ր այն):
Այս կերպ վերահսկում ես, թե որ հավելվածն ինչ տվյալների ունի հասանելիություն, և կանխում ես անձնական տեղեկատվության ավելորդ օգտագործումը։
Քայլ 7. Թաքցրո’ւ հաղորդագրությունների/ծանուցումների նախադիտումները հեռախոսի էկրանին
Որպեսզի մեկանգամյա կոդերը կամ գաղտնաբառերն ու զգայուն տեղեկատվությունը չերևան կողքից։
Ինչպե՞ս
Settings → Notifications → Show Previews → When Unlocked (կամ ըստ հավելվածի)։
Քայլ 8. Ցանցային հիգիենա․ Wi-Fi, Bluetooth, Hotspot
- Հեռացրո’ւ (Forget) անծանոթ կամ անվստահելի հանրային Wi-Fi-ները և անջատի՛ր Auto-Join-ը, որպեսզի հեռախոսդ ինքն իրեն չմիանա։
- Երբ Bluetooth-ը պետք չէ՝ անջատի՛ր, որ հեռախոսդ բաց չլինի արտաքին կապերի համար, և հաքերները չկարողանան օգտվել դրանից՝ օրինակ BlueBorne հարձակման միջոցով՝ վերահսկելով կամ գողանալով տվյալներդ։
- Զգայուն կամ անձնական տվյալների հետ աշխատելիս օգտագործի՛ր քո սեփական hotspot-ը՝ ոչ հանրային Wi-Fi։
- Եթե VPN ես օգտագործում, հիշի՛ր՝ այն միայն կոդավորում է տվյալները, բայց քեզ «անտեսանելի» չի դարձնում։
Քայլ 9. Ապահով Backup & Cloud
Սա վերաբերվում է տվյալներիդ ապահով պահպանմանը․ եթե սարքդ կորի, վնասվի կամ պետք լինի նոր սարքի վրա վերականգնել ամեն ինչ։ Միացրո՛ւ կոդավորված backup-ը, ստուգի՛ր՝ ինչն է համաժամանակ պահուստավորվում (լուսանկարներ, նշումներ, հաղորդագրություններ) և միացրո՛ւ հաշվի 2FA-ն (iCloud/Google)։
«Կոդավորված backup»-ը նշանակում է, որ այդ պատճենը պահվում է գաղտնագրված ձևով՝ ուրիշները չեն կարող կարդալ կամ օգտագործել այն։
Ինչպե՞ս
iOS՝ Settings → [քո անունը] → iCloud → iCloud Backup (On)
Android՝ Settings → System → Backup (On)
Քայլ 10. Պաշտպանություն սարքի գողությունից և հետևող ծրագրերից
Տեղադրի՛ր հավելվածներ միայն պաշտոնական խանութներից (Play Store, App Store)։ Այսպես կկանխես վնասաբեր կամ կեղծ հավելվածների ներբեռնումը։
Ինչպե՞ս
Ստուգի՛ր Settings → Apps / Profile / Device Management, և եթե տեսնես անծանոթ հավելվածներ կամ պրոֆայլներ՝ հեռացրո՛ւ։ Դրանք կարող են օգտագործվել սարքդ վերահսկելու կամ տվյալներիդ հետևելու համար։
Եթե կասկածում ես, որ սարքդ վարակվել է․
- Փոխի՛ր հիմնական հաշվի գաղտնաբառը այլ սարքից։
- Գործարկի՛ր ստուգում (scan) վստահելի անվտանգության հավելվածով։
- Եթե խնդիրը չի լուծվում, արա՛ factory reset և վերականգնի՛ր մաքուր backup-ից։
Այս 10 արագ ու պարզ քայլերը տալիս են ամենամեծ պաշտպանությունը։ Պետք է ընդամենը տրամադրվել ու հերթով անցնել այս քայլերով, որոնք զգալիորեն կնվազեցնեն տվյալների կորստի ու հաշիվների գողության ռիսկը։ Կարևոր նախապայման՝ ԱՅՍՕՐ։
—------------------------------------------------------------------------------------------------------------
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և CyHub Armenia նախաձեռնությունը հանդիսանում են միջազգային OffSec կազմակերպության պաշտոնական ուսումնական գործընկերը Հայաստանում և Վրաստանում՝ տրամադրելով կիբեռանվտանգության ոլորտի սերտիֆիկացիոն դասընթացներ։