Նախկին իրավաբան, ներկայումս ծրագրավորող

Մի քանի տարի առաջ իրավաբանական կրթությունը շատ մոդայիկ էր, և ԲՈՒՀ-ական ընդունելության ժամանակ ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողները պայքարում էին այդ ֆակուլտետ ընդունվելու համար։ Մի քանի տարի անց հետաքրքիր է փաստել, որ նրանցից շատ քչերն են ներկայումս աշխատում իրենց մասնագիտությամբ։

6 ամիս առաջ, երբ առաջին անգամ հայտարարվեց ծրագրավորման ճամբարի մասին, դիմողների քանակը գերազանցում էր 150-ը։ Թեստավորում և անհատական հարցազրույց անցնելուց հետո ընտրվեցին տարբեր մասնագիտություններ ունեցող 15 մասնակիցներ, ովքեր իրենց առաջին քայլերն էին անում ծրագրավորման ոլորտում։ Նրանց թվում էր նաև իրավաբանական կրթություն ունեցող Կարեն Գևորգյանը։


 «ՄԻԿ-ի մասին լսել էի ընկերոջիցս ու  շատ բան չգիտեի։ Ծրագրավորման ճամբարի մասին իմացա ՄԻԿ-ի ֆեյսբուքյան էջից։ Այդ ժամանակ վեբ ծրագրավորման մասին ունեի մակերեսային պատկերացում, բայց քանի որ ՏՏ ոլորտը միշտ հետաքրքրել էր ինձ, ուստի ուշ, բայց որոշեցի այս ոլորտում կառուցել իմ ապագան»։


Ծրագրավորման ճամբարը 6 ամսյա ծրագիր է, որը բավականին ինտենսիվ է, հագեցած է թե տեսական, թե գործնական դասերով և ինչպես մասնակիցներն են սիրում նշել, «ամեն մեկի խելքի բանը» չէ։ Մասնակիցների ընտրությունը բավականին բարդ է․ կարևոր է ոչ միայն ունենալ լավ տրամաբանություն, այլև ցույց տալ, որ ծրագիրը պատրաստ ես հաղթահարել։  


 «Թեստը ծրագրավորման բազային գիտելիքների մասին էր և մաթեմատիկայից կային հարցեր։ Թեստից հետո հարցազրույց էր, որն անցավ ընկերական մթնոլորտում, հիմնականում աշխատասիրությունն ու նպատակասլացությունն էր ստուգվում»։


Լավ սկիզբը գործի կեսն է, բայց միայն կեսը։


 «Դասերն անցնում էին բավականին հետաքրքիր, թեմաները բովանդակալից էին և ծավալուն։ Ամեն օր կային և՛ տեսական, և՛ պրակտիկ դասընթացներ։ ՄԻԿ-ում էինք անցկացնում օրական մոտ 7-8 ժամ։ Առաջին իսկ ամսից սկսեցինք պրակտիկ պրոյեկտներ անել։ Մշակեցինք մի քանի հետաքրքիր ու աշխատատար նախագծեր։ Աշխատանք փնտրելիս կատարած գործերս ցույց տվեցի, ու դա շատ կարևոր դեր խաղաց։»


Դասերը դասերով, բայց կարևորը վերջնական արդյունքն է: 

Ճամբարի  վերջին ամսում մասնակիցներն ակտիվորեն փորձում են աշխատանք գտնել, կազմում են պրոֆեսիոնալ CV և անցնում տարբեր հարցազրույցներ։


«Համացանցում տրված հայտարարությունների միջոցով գտնում էի թափուր աշխատատեղեր և գնում հարցազրույցների, որտեղ հիմնականում տրվում էին մասնագիտական և տրամաբանական հարցեր։ Ցույց տվեցի մշակած պրոյեկտներ և այդպես գտա կրտսեր ծրագրավորողի աշխատանք Academy Of Development-ում։»


Հետ նայելով 6 ամիս տևած ուղուն միակ խորհուրդը նոր ընդգրկված մասնակիցներին՝

 «Codefights-ով ամեն օր խնդիրներ գրեք, ինչքան կարող եք շատ։»


Կարենը մեկն է այն 15 մասնակիցներից, ովքեր 6 ամսյա դասընթացներից, շաատ աշխատանքից և հազարավոր տող կոդերից հետո, արդեն աշխատում է և պրակտիկորեն զարգացնում ծրագրավորման իր հմտությունները։