Արդյո՞ք ծրագրավորման ճամբարը ինձ համար է

Ցանկացած ուսումնական ծրագրին մասնակցելուց առաջ, լինի դա քառամյա դիպլոմավորված կուրս, 1 շաբաթյա դասընթաց թե 6 ամսյա ծրագրավորման ճամբար, մասնակցելուց առաջ քեզ հարց ես տալիս, թե արդյո՞ք այն քեզ համար է։ Այդ հարցը քեզ առավել շատ հետաքրքրում է, երբ  բացի ժամանակ հատկացնելուց պետք է նաև որոշակի ֆինանսական ներդրում անես։ Ինչպես ցանկացած ապրանքի գնման դեպքում, այնպես էլ այս պարագայում, դիտարկում ես ֆինանսական արդյունավետությունը և գնահատում գնումից՝ շահող դուրս գալու հավանականությունը։ Եթե այս տեսանկյունից սկսենք դիտարկել «Ծրագրավորման ճամբարի» գնման արդյունավետությունը, ապա կատարելով 300,000 - 400,000 ՀՀ դրամի ներդրում և ծախսելով 6 ամիս ժամանակ՝ ստանում ես աշխատանք, որը ընդամենը 3-6 ամսում կարող է հետ վերադարձնել քո ներդրումը՝ արդյունքում թողնելով շուկայում պահանջարկ ունեցող և բարձր աշխատավարձի հավանականությամբ մասնագիտություն։ Հետևաբար, ֆինանսական արդյունավետության տեսանկյունից ծրագիրն արդարացված է, իսկ ի՞նչ պետք է անել, որպեսզի հաջողել ճամբարի արդյունքում։


 1․ Մի ձգձգի՛ր սովորելը

Որքան էլ ճիշտ է այն պնդումը, որ ծրագրավորումը դժվար չէ սովորել, սովորելուն պետք է հատկացնել ժամանակ։ Օրական երկու ժամ դասի մասնակցելով՝ ծրագրավորում սովորել հնարավոր չէ։ Ծրագրավորումը պահանջում է մեծ աշխատասիրություն, կանոնավորված ուսումնական պրոցես․ ամեն օր որոշակի ժամանակի հատկացում։ Եթե նույնիսկ քեզ թվում է, որ դասի նյութն արդեն լավ գիտես, հավելյալ կարդալը ու աշխատելը երբեք չի խանգարի։


 2․ Ինչքան շատ կոդ գրես, այնքան շուտ հունի մեջ կընկնես

Ասում են` ծրագրավորման հետ սկսում ես «դու»-ով խոսել, երբ գրել ես առնվազն 10,000 տող կոդ։ Կոդ պետք է գրել ամեն օր, նույնիսկ եթե քեզ թվում է, որ արդեն հմուտ ես այդ հարցում։ Ինչքան շատ ես կոդ գրում, այնքան ավելի մաքուր ես գրում, այնքան ավելի քիչ ես սխալներ անում։ Միաժամանակ գրածդ լինում է մյուսների համար ընթեռնելի ու հասկանալի։


 3․ Մի շտապի՛ր «ձեռքերդ լվանալ»

Ամեն ինչ միանգամից և հեշտ չի լինում։ Ուսումնական պրոցեսում կան պահեր, երբ քեզ կարող է թվալ, որ այս մասնագիտությունը քեզ համար չէ, որ այդ տրամաբանությունը կամ խնդրի լուծման եղանակները դու երբեք չես հասկանա։ Այդ ճանապարհով բոլորն են անցնում։ Ծրագրավորման ճամբարի (կամ ինչպես ՄԻԿ-ում ենք ասում coding bootcamp-ի) առավելություններից մեկն էլ կայանում է նրանով, որ դու հայտնվում ես այնպիսի միջավայրում, որտեղ բոլորն են նույն «օրի», դու բոլորի հետ հանդիպում ես հետաքրքիր մարտահրավերների, դու ինքդ քո նման ուսման ծարավ երիտասարդների հետ հաղթահարում ես դրանք և բոլորդ առաջ եք գնում՝ միմյանց օգնելով։


 4․ Մշտապես սովորի՛ր

Ցանկացած նախագծում կան մասեր, որ քեզ ավելի հեշտ են տրվում, ծրագրավորման որոշակի մասեր, որտեղ դու քեզ ավելի լավ ես զգում, սակայն ծրագրավորման մեջ կարևոր է զարգացնել մշտապես սովորելու ունակությունը։ Ինչքան արագ ես սովորում և անցնում մի տեխնոլոգիայից մյուսին, մի մասից մյուսին, այնքան փորձառու ծրագրավորող ես դառնում։


 5․ Պատասխանատվություն վերցրու՛ թիմային աշխատանքի համար

Ծրագրավորումը թիմային աշխատանք է, և դու  պետք է փորձես քո կտորը մշակել այնպես, որ քիչ խնդիրներ առաջացնի մյուսի համար, որքան հնարավոր է ընթեռնելի կոդ գրես, և ամենակարևորը ամեն ինչ անես սահմանված ժամկետներում։ Պետք է միշտ մտածես, որ դու ամուր շղթայի կամ puzzle-ի մի մաս ես ու եթե չես անում ժամանակին, ապա տուժում են բոլորը։

Ծրագրավորումը քեզ կարող է հիշեցնել ծառ բարձանալու պրոցեսը։ Ամենասկզբում քեզ թվում է, որ ինչ է կբարձրանամ, ոչ մի բարդություն չկա։ Երբ սկսում ես բարձրանալ, ճանապարհին սկսում ես մտածել, արդյո՞ք քեզ դա պետք է, արդյո՞ք  կկարողանաս։ Արդյունքում կամ հետ ես գնում, կամ շարունակում։ Եթե շարունակում ես ու հասնում ծառի վրայի քաղցր խնձորին, գիտակցում ես, որ հեշտ չէր, բայց ետ նայելով՝ մտածում ես՝ «հաստատ արժեր»։ Այսպես են մտածում նաև ՄԻԿ Հայաստանում coding bootcamp-ի մասնակցած ավելի քան 500 երիտասարդներ, որոնք այժմ աշխատում են Հայաստանի ամենահայտնի ՏՏ ընկերություններում ու ստարտափերում։