Հայրենիքի հողը, ջուրը ու ՏՏ-ն

Դեռևս մի 5 տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Գյումրին կարող է դառնալ տեխնոլոգիական կենտրոն և ներառել բազմաթիվ ընկերություններ, որոնք հիմնվել են հենց գյումրեցիների կողմից։ Իսկ դեռևս 10 տարի առաջ շատ քիչ մարդ էր տեղեկացված ծրագրավորման մասին և ընդհանրապես հետաքրքրված այս ոլորտով։ Կարեն Գասպարանը մեկն էր այն գյումրեցիներից, ով ծրագրավորում էր սովորել հենց Գյումրիում, սակայն աշխատանքային հնարավորություն չունենալու պատճառով տեղափոխվել Երևան աշխատելու։

«Տարբեր ընկերություններում աշխատելով, կուտակելով որոշակի անհրաժեշտ փորձ՝  հնարավորություն տեսա իմ հայրենի քաղաքում շարունակելու կարիերաս և որոշեցի վերադառնալ Գյումրի։ Կարծում եմ այլ քաղաքում պետք է աշխատել այն դեպքում, երբ քո քաղաքում չկա հնարավորություն, ինչը և ինձ 4 տարի առաջ դրդել էր գնալ Երևան։», -  նշում է Կարենը։

Տարեցտարի իրավիճակը փոխվում է, նորանոր ընկերություններ են իրենց մասնաճյուղերը հիմնում Գյումրիում, ինչն էլ բերում է լավ աշխատուժի պահանջարկի։ Գյումրիում բավականին դժվար է հավաքել լավ մասնագետներից բաղկացած թիմ։ Կարենը, վերադառնալով Գյումրի, հիմնում է իր ընկերությունը, որը զբաղվում է արտասահմանյան գործընկերների համար պատվերների կատարմամբ, ինչպես նաև սեփական պրոդուկտի ստեղծմամբ։ «Հաշվի առնելով, որ ինքս դասավանդում եմ ծրագրավորում, լավ հնարավորություն էր նախագծերում ներգրավել նաև իմ մոտ սովորած լավագույն ուսանողներին։»

Ընկերության հիմնադրումը ենթադրում էր որոշակի ֆինանսական միջոցների ներդրում, որին մեծապես օգնեց Եվրոպական միության և ՀՀ Տարածքային զարգացման և ներդրումների նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագիրը։ «Ճիշտ ժամանակին իմանալով ծրագրի մասին՝ դիմեցի, և ծրագրի մասնակցությունը արագացրեց իմ նպատակներին հասնելու գործընթացը։ Դրամաշնորհի միջոցով կարողացա կատարել առաջին ներդրումը, գնել համակարգիչներ, գույք, վարձել տարածք և թիմ հավաքել։» Ներկայումս թիմը դեռևս ունի երկու աշխատակից, սակայն հաջողությամբ արդեն սկսել են իրականացնել նախագծեր  Ռուսաստանի Դաշնությունից։ Դեռևս վերջերց հիմնադրված ընկերությունը արդեն իսկ համագործակցում է ոլորտի առաջատարների հետ և  հետազոտության եւ զարգացման պիլոտային ծրագիր է սկսել Fujitsu Group ընկերության Լեհաստանի ներկայացուցչության հետ։ Նոր ծրագրերը հնարավորություն են տալիս ավելի արագ ընդլայնել թիմը և աշխատանքի ընդունել ծրագրի շրջանակում  վերապատրաստում անցած ուսանողներին։ Կարենը նաև դասավանդում է Java ծրագրավորման լեզու և պատրաստում գործնական հմտություններ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստ կլինեն համալրել ցանկացած ՏՏ ընկերություն։

Կարենը եզակի օրինակ չէ, նրան են հետևում շատ գյումրեցիներ, ովքեր վերադառնում են իրենց հողն ու ջրին և նպաստում Շիրակի տեխնոլոգիական զարգացմանը։