Սկսի՛ր պրոֆեսիոնալ կարիերան խաղերի մշակման ոլորտում

Դասընթացի սկիզբ
1 մարտի, 2024
Դիմումների վերջնաժամկետը
26 փետրվարի, 2024
Ծրագրի տևողություն
6 ամիս
Տեղեկատվական հանդիպում
Երկուշաբթի, փետրվարի 26, 19:00

Վիդեոխաղերի շուկան, որը ժամանակին նիշային էր համարվում, ժամանցային ոլորտի ամենամեծ շուկաներից մեկն է հիմա։ Ներկայումս այն գնահատվում է 385 միլիոն դոլար, իսկ արդեն 2027-ին նրա արժեքը կարող է հասնել 522 միլիոն դոլարի։ Ինչ վերաբերում է խաղացողների թվին, ապա այսօր ունենք 3,09 միլիոն ակտիվ խաղացող, որոնց թիվն արդեն 2024 թվականի ավարտին կհասնի 3․32 միլիոնի։ Վիդեոխաղերի հանդեպ այս կայուն հետաքրքրությունը մեզ հուշում է, որ խաղեր մշակողներն ու դիզայներները մոտ ապագայում շատ պահանջված կլինեն։ Այնպես որ, 2024 թվականին այս ոլորտում ուսումը սկսելը շատ խելամիտ քայլ է։ 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և խաղային ոլորտի առաջատար Sperasoft ընկերությունը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ հայտարարում են խաղերի մշակման ճամբար բոլոր նրանց համար, ովքեր ուզում են սկսել իրենց կարիերան այս ոլորտում։ Դիմի՛ր հիմա ու բաց մի թող խաղերի մշակման համաշխարհային համայնքին միանալու քո հնարավորությունը։ Ձեռք բեր արդիական հմտություններ ու գիտելիքներ ոլորտի առաջատարներից։


Sperasoft-ի մասին

Sperasoft-ը խաղերի ոլորտում առաջատար կազմակերպություն է, որն ունի գրասենյակներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լեհաստանում, Մալթայում, Սերբիայում և Հայաստանում։ Sperasoft-ում են միավորվել լավագույն ծրագրավորողները, դիզայներներն ու խաղային արդյունաբերության արտիստները։ Այն խաղերի մշակման ոլորտում տեխնիկական և ստեղծարար ծառայություններ մատուցող միջազգային կազմակերպություն հանդիսացող Keywords studios-ի մաս է կազմում: Sperasoft-ի գործընկերների ցանկը բազմազան է՝ Ubisoft, Microsoft, Warner Brothers, 343 Industries, Riot Games, Electronic Arts, Sony, BioWare, Blizzard, և մի շարք այլ ընկերություններ։


Ճամբարի մասին

Ճամբարի ընթացքում դու ձեռք կբերես շատ պահանջված հմտություններ խաղային տեխնոլոգիաների ոլորտում՝ խորապես ծանոթանալով խաղերի զարգացման պատմությանն ու դիզայնի սկզբունքներին: Ճամբարի ընթացքում կուսումնասիրվեն հետևյալ թեմաները․

Unreal Engine

Unreal Engine-ը առաջատար հարթակ է՝  հայտնի իր գերժամանակակից գրաֆիկայով և հարմարավետությամբ, որն օգտագործվում է խաղերի վիզուալն ու ինտերակտիվությունը կատարելության հասցնելու համար։ 

C++ 

Խաղի օպտիմալ արտադրողականությանը հասնելու և խաղացողի անխափան փորձառությունն ապահովելու համար մենք օգտագործելու ենք C++ ծրագրավորման լեզուն։

Արհեստական ​​բանականության (AI) 

Հետևելով տեխնոլոգիական ոլորտի զարգացումներին՝ ճամբարի ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվելու արհեստական ​​բանականության (AI) ժամանակակից միտումների ըմբռնմանն ու դրանց կիրառմանը: AI գործիքների ու ալգորիթմների կիրառումը թույլ է տալիս չխաղացող կերպարներին (կերպարներ, որոնք չեն կառավարվում խաղացողի կողմից) զինել բանականությամբ։

Ամպային տեխնոլոգիաներ (Cloud computing)

Ամպային տեխնոլոգիաների շնորհիվ խաղը կարող է դառնալ ավելի մասշտաբային և արդյունավետ։ 

Վիրտուալ իրականության (VR) և ցանցային տեխնոլոգիաների ինտեգրացիա
Վիրտուալ իրականության և ցանցային տեխնոլոգիաների ինտեգրացիան թույլ է տալիս հեշտացնել բազմախաղացող ռեժիմների (multiplayer modes) կիրառման գործընթացները։
3D գործիքակազմ

Ի պատասխան ոլորտի պահանջներին՝ մենք օգտագործում ենք 3D մշակման պրոֆեսիոնալ գործիքներ՝  համապարփակ և կատարելագործված բովանդակություն ստեղծելու համար:

Հաճախորդ-սերվեր ճարտարապետություն

Հաճախորդ-սերվեր ճարտարապետության կիրառումն ապահովում է կայուն և անվտանգ խաղային միջավայր։

Այս մոտեցումը ապահովում է գործնական գիտելիքներ և փորձ, որոնք անհրաժեշտ են խաղերի մշակման ոլորտում հաջող կարիերայի համար:


Ո՞վ կարող է լինել ճամբարի մասնակից

Մենք փնտրում ենք անհատների, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան խաղերի մշակման ոլորտում: Բացի ոլորտի հանդեպ ունեցած բարձր հետաքրքրությունից, թեկնածուները պետք է

  • Լինեն 15-ից 30 տարեկան,
  • Ունենան ծրագրավորման ցանկացած լեզվի տարրական իմացություն և մաթեմատիկայի առնվազն հիմնական դպրոցի գիտելիքներ,
  • Ունենան անգլերենի միջին մակարդակի գիտելիքներ,
  • Սովորեն ու չբողոքեն,
  • Պատրաստ լինեն ճամբարին տրամադրել 6 ամիս և կրկին չբողոքել։

Բոլոր դիմորդները կանցնեն թեստավորման փուլ, որից հետո ամենաբարձր միավոր հավաքածները կհրավիրվեն տեխնիկական և փափուկ հմտությունները (soft skills) ստուգող հարցազրույցի։ Լավագույն դիմորդները կներառվեն ծրագրում որը բաղկացած է ոչ միայն դասերից, այլև պրեզենտացիաներից, մենթորների հետ հանդիպումներից, խմբային և անհատական նախագծերից ու ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպումներից։ Այս ամենից զատ շատ կարևոր է անհատական աշխատանքը։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օրական առնվազն  2-ից 4 ժամ հատկացնել ինքնակրթությանը:


Ուսումնական ծրագիր

Ուսումնական ծրագիրը մշակվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Sperasoft-ի առաջատար մասնագետների կողմից։ Այս ամենն ապահովում է արդյունավետ ուսումնական գործընթաց՝ հնարավորություն տալով դիրքավորվել ոչ միայն հայկական, այլև միջազգային աշխատաշուկայում։ 


Ի՞նչ ծրագրեր են մշակվելու

Սկզբում մասնակիցները ձեռք կբերեն հիմնային գիտելիքներ ու հմտություններ։ Նոր գիտելիքներին զուգահեռ, նրանք կսկսեն մշակել խաղեր՝ դրանցում օրեցօր ավելացնելով նոր ու հետաքրքիր հատկություններ։ Ճամբարի ավարտին կկարողանան ստեղծել խաղեր, որոնք համալրված են նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ճամբարի արդյունքում մասնակիցները կունենան աշխատանքային պորտֆոլիո, որով կկարողանան մուտք գործել աշխատաշուկա։ 

 


Դասախոսի մասին

Մարկ Հունանյանը ծրագրային ճարտարագետ և թվային արտիստ է, ով արդեն 20 տարի աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նա մշակել է կրթական բազմազան ծրագրեր աշխարհի տարբեր տեխնոլոգիական հաստատությունների համար, ինչը վկայում է ոլորտում նրա փորձառության մասին: Նա ՄԻԿ-ի թիմին է միացել 2023 թվականին։


Ի՞նչ ենք մենք երաշխավորում կամ ինչո՞ւ մասնակցել

  • Ճամբարը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցել հարցազրույցի և սկսել իրենց կարիերան Sperasoft-ում՝ աշխատելով  AAA դասակարգման համակարգչային խաղերի ստեղծման վրա,
  • Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Sperasoft-ի կողմից կազմակերպվող խաղային ոլորտի թեմաներով աշխատարաններին մասնակցելու երաշխավորված հասանելիություն ծրագրի ողջ ընթացքում,
  • Ոլորտային արժեքավոր գիտելիքներ,
  • Գործնական հմտություններ,
  • Հիանալի տրամադրող միջավայր,
  • Ոլորտային բարձրակարգ մասնագետների հետ շփում, կապեր հայկական ՏՏ ընկերությունների հետ։

Ինչպե՞ս ընդգրկվել ճամբարում

Ճամբարի մասնակցությունը խիստ մրցակցային է․ միայն ամենաբարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցները (12-ից 15 հոգի) կմիանան հիմնական խմբին։ Եթե վստահ ես, որ ուզում ես փորձել ուժերդ, մինչև փետրվարի 26-ը լրացնում ես դիմում-հայտը:

Եթե ունես հարցեր, գալիս ես մեր գրասենյակ՝ նախապես պայմանավորվելով և հղում  բոլոր հարցերը։


Ինչքա՞ն արժե այս հաճույքը 

Ուսման ամսավարձը կազմում է 65,000 ՀՀ դրամ։

Ծրագիրը սկսվելու է մարտի 1-ից և ավարտվելու է հոկտեմբերին։

 

Գրանցման թերթիկ